Ուզբեկստանի Սենատը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակով երկրի մասնակցությանը

14:26 • 11.05.20

Ուզբեկստանի Սենատը մայիսի 11-ին տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ դիտորդի կարգավիճակով երկրի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հաստատող որոշում է ընդունել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Ուզբեկստանի խորհրդարանի վերին պալատի տեղեկատվական ծառայությունից:

«Սենատորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի Հանրապետության մասնակցությանը դիտորդ-պետության կարգավիճակով: Այս հարցով ընդունվել է Սենատի համապատասխան որոշումը»,-ասել է վերին պալատի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է գործող 100 սենատորներից 91-ը, 71 պատգամավոր կողմ է արտահայտվել, 16-ը` դեմ, 4-ը ձեռնպահ է մնացել:

Ըստ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հաստատման կողմնակիցների՝ այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի արտաքին առևտրի և ներդրումային ծրագրերի ընդլայնմանը:

«ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակով Ուզբեկստանի մասնակցությունը հնարավորություն կտա տեղեկացված լինել այս կազմակերպության շրջանակում կատարվող աշխատանքների մասին և վերլուծության շնորհիվ ճիշտ եզրակացություններ անել»,-ասել է Սենատի ղեկավարը:

«Սենատորները, որոնք չեն աջակցել այս կազմակերպության հետ համագործակցությանը, կարծիք են հայտնել դրա հետևանքների մասին. մեր տնտեսության մի շարք ճյուղերում արտադրության տեմպի նվազում, որոշակի չափով աշխատատեղերի կորուստներ, ներդրումային գործընթացների դանդաղեցում»,-ավելացրել են վերին պալատում:

Ուզբեկստանի Սենատի մայիսի 11-ի նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով` կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով: