ԱՀԿ-ն զգուշացնում է, որ «ծխողներն առավել հակված են կորոնավիրուսով պայմանավորված լուրջ հիվանդություն զարգացնելուն»

21:41 • 11.05.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ անցյալ ամսվա ընթացքում հանրային առողջության փորձագետների իրականացրած մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝  ծխողները «առավել հակված են «Քովիդ-19»-ով պայմանավորված լուրջ հիվանդություն զարգացնելուն, քան չծխողները»:

Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՀԿ-ից նշել են, որ ծխելու հետևանքով վատանում է թոքերի աշխատանքը, ինչի հետևանքով օրգանիզմի համար առավել դժվար է դառնում պայքարել կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ:

«Ծխախոտը մեծ վտանգի գործոն է նաև ոչ վարակիչ հիվանդությունների համար, որոնց թվին են դասվում սիրտ-անոթային հիվանդությունը, քաղցկեղը, շնչառական հիվանդությունները և շաքարախտը, ինչն այսպիսի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց առավել մեծ վտանգի առաջ է կանգնեցնում «Քովիդ-19»-ով վարակվելու դեպքում լուրջ հիվանդության բախվելու հարցում»,- ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ: