Ուհանում կրկին ավելանում է կորոնավիրուսի վարակակիրների թիվը․ նախօրեին գրանցվել է վարակման 5 նոր դեպք

10:34 • 11.05.20

Չինական Ուհան քաղաքում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք։ Քաղաքում երկար դադարից հետո երկրորդ օրն անընդմեջ գրանցվում են տեղական վարակման դեպքեր, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով Հուբեյ նահանգի առողջապահության հանձնաժողովի կատարած հայտարարությանը։

Չնայած բոլոր վարակակիրները սկզբում որևէ ախտանշաններ չեն ունեցել՝ օրերս դրանք որպես կորոնավիրուսային հաստատված դեպքեր են վերաորակավորվել։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ից հետո Ուհանում վարակման նոր դեպքեր չէին արձանագրվել, իսկ ապրիլի 26-ին քաղաքային հիվանդանոցից դուրս էր գրվել COVID-19-ից ապաքինված վերջին մարդը։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է հաստատվել: Այսպիսով՝ երկուշաբթի առավոտյան քաղաքում եղել է 6 ակտիվ վարակակիր, որոնք հոսպիտալացվել են:

ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ անցած մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17 նոր դեպք, որից 7-ն համարվում է արտասահմանից բերված, մնացածը՝ երկրի տարածքում փոխանցված։ Մահվան դեպքեր չեն գրանցվել:

Չինաստանում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1690 արտասահմանից բերված դեպք, որից 99-ը դեռ հիվանդ է, ապաքինվել է 1591 հիվանդ, մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Համավարակի սկզբից Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82,918 դեպք, որից՝ 78,144-ն ապաքինվել է։ Հիվանդությունից մահացել է 4633 մարդ, ներկայում բուժումը շարունակում է 141 հիվանդ: