Հաշվել եմ, որ ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ՝ գլխատելու, 4 անգամ՝ քառատելու և 6 անգամ՝ կախելու. Նաիրա Զոհրաբյանը՝ երկրում ատելության մթնոլորտի մասին (տեսանյութ)

16:59 • 11.05.20

Շատ օրինաչափ է, որ ՄԻՊ տարեկան հաշվետվության առանցքը ատելությունն էր։ Այօր ԱԺ-ում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրանյանը՝ նշելով, որ ինքը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է վտանգավոր ջրբաժանի առաջ կանգնած լինելու հարցը։

«Ասել եմ, որ ատելությունը կազմաքանդում է մեր հասարկությունը, բայց հենց այս ամբիոնից ինձ ասել են՝ տիկին Զոհրաբյան, կարող է Ձեզ չեն սիրում ու դրա համար ատելության գերդոզա եք տեսնում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ ինձ սիրելն ու չսիրելը չէ հարցը։ Այո, ինձ շատ չսիրողներ կան, բնականաբար, կան նաև սիրողներ, բայց երբեք գիր ու ղուշ չեմ արել, թե ինձ ով է սիրում, այլ խոսել եմ ատելության մասին, որն ամենաթողության արդյունքն է»,- ասաց նա:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե պետությունը ժամանակին արձագանքեր այս վիճակին, ապա խնդիրն այսքան չէր խորանա։

«Երբ Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ շատ համակարգված ձևով ինձ ու իմ երեխային, մահացած հոր գերեզմանը սարքեցին թիրախ, իսկ պետությունը որև բան չարեց, ապա, այո, պետությունն է մեղավոր։ Այո, համաձայն եմ՝ չի կարելի կանանց սորտավորել, ճիշտ եք՝ ընդդիմադիր, իշխանամետ կին չի լինում, քանի որ կինը կին է։ Հաշվել եմ, որ ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ՝ գլխատելու, 4 անգամ՝ քառատելու և 6 անգամ՝ կախելու։ Ես չեմ խոսում ֆեյք ինդրուստրիայի թափթփուկների մասին, որոնք թաքնվում են տարբեր անունների տակ, այլ խոսում եմ իրական օգտատերերի մասին, բայց պետությունը ոչինչ չարեց պաշտպանելու համար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ իրեն նոր ուղարկեցին վերջին թարմ նզովքը՝ ուղարկված քաղտեխնոլոգներից մեկի երեխային՝ «երեխեքդ քաղցկեղ ընկնեն»: Նա նշեց, որ զարհուրել է, թե երկրում որքան չսիրված կին և տղամարդ կա: