«Եվրամիությունը պետք է պատրաստվի կորոնավիրուսի երկրորդ հավանական ալիքին». Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

09:46 • 12.05.20

ԵՄ անդամ երկրները պետք է պատրաստվեն կորոնավիրուսի երկրորդ հնարավոր ալիքին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության և սննդի անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան դե Քերսմաքերը, գրում է ukrinform.ru-ն։

Նրա խոսքով՝ այժմ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը, հաշվի առնելով COVID-19-ի երկրորդ ալիքի հավանականությունը, աշխատում է իրավիճակի վերլուծության և այն միջոցների ուղղությամբ, որոնք պետք է ձեռնարկվեն այդ կապակցությամբ:

«Հիմնվելով Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից ռիսկերի գնահատման արդյունքների վրա՝ անդամ երկրները պետք է պատրաստվեն վարակի հնարավոր երկրորդ ալիքին», -ասել է Ստեֆան դե Քեերսմաքերը:

Պաշտոնյան նշել է, որ ամեն շաբաթ Եվրամիության երկրների առողջապահության նախարարները տեսակոնֆերանսի ռեժիմով համակարգում են ջանքերը համավարակի դեմ պայքարում, տեղեկությամբ փոխանակվում հիվանդների օգնության համար անհատական պաշտպանական սարքավորումների և բժշկական սարքերի առկայության մասին: