ԱՀԿ-ն բացահայտել է բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի տարածման պատճառները

10:48 • 12.05.20

Անհատական պաշտպանության միջոցների պակասը, երկար աշխատաժամերը, ինչպես նաև ախտահանման միջոցների անբավարարությունը հանդիսանում են բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի տարածման հիմնական պատճառները:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչ Մարիա վան Կերխոուվը։

«Ներկայում մենք ուսումնասիրում ենք ամբողջ աշխարհում վարակված բուժաշխատողների թիվը: Կան տագնապի առիթ տվող վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ որոշ երկրներում վարակված բուժաշխատողների թիվն ընդհանուր վարակվածների մոտ 10 տոկոսն է կազմում»,- ասել է պաշտոնյան Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ի փորձագետները հանգել են այն եզրակացության, որ անհատական բժշկական պաշտպանության միջոցների բացակայությունն ու պակասը, վարակված հիվանդների հետ տևական աշխատանքը, ախտահանման ոչ բավարար միջոցները բժշկական անձնակազմի շրջանում վարակման հիմնական պատճառներից են: