ՀՀ կառավարությունը հիմնված է ստի, կեղծիքի, պարգևավճարների, մեկը մյուսին քրեական գործ հարուցելու վրա. հայրենիքը կործանման եք տանում, ուշքի՛ եկեք․ Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)
Շուրջ մեկ տարի «Զինվոր» համակարգող խորհուրդը դիմել էր ՀՀ կառավարություն՝ ակնկալիքով, որպեսզի փոխվի կառավարության N 668 որոշումը և զոհվածի ընտանիքին տրվի ոչ թե 30 հազար դրամ, այլ ավելի շատ, բայց մինչև օրս արձագանք չի եղել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
«Որոշումը փոխելու ակնկալիքով՝ քննարկման ենք գնացել։ Ազատամարտիկների մայրերին պատիվ չի բերում փողոց դուրս գալը։ Մեկ տարվա կտրվածքով 8-10 դիմումի չարձագանքելը կառավարության կողմից, ոչ մի պատասխան՝ թե՛ դրական, թե՛ բացասական չենք ստացել. ես մի բանում համոզվեցի, որ մեր կառավարությունը հիմնված է ստի, կեղծիքի, պարգևավճարների, մեկը մյուսին քրեական գործ հարուցելու, հայրենիքը կործանման տանելու վրա։ Ուշքի եկեք, արձագանքեք մեր գրություններին»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։
Խորհրդի անդամ Սաթիկ Խլղաթյանն էլ ասաց, որ կառավարությունն անհրաժեշտ աջակցություն չի ցուցաբերում ազատամարտիկներին, զոհվածների ընտանիքներին։
«Իրենք մոռանում են, որ այդ զոհված տղաների շնորհիվ է, որ նրանք այստեղ ինչ-որ աթոռակռիվներ են տալիս։ Մեր կառավարությունը չի անդրադառնում ոչ մի տեսակի դիմումի։ Ինչ վերաբերում է արցախյան պատերազմին, իրենք չեն անդրադառնում այդ հարցին, անգամ պատասխան չեն ուղարկում։
Կառավարությունը մեզ նայում է որպես ընդդիմադիրների, բայց ո՛չ նախկին իշխանությունն է ազատամարտիկի ընտանիքին աջակցություն ցուցաբերել, ո՛չ ներկա։ Կորոնվիրուսի օրերին էլ պատրաստ ենք կանգնել կառավարության շենքի մոտ»,- նշեց Սաթիկ Խլղաթյանը։
Ազատամարտիկ Հայկ Եղիազարյանը 3-րդ խմբի հաշմանդամ է: Նա 3 ամիս է պայքարում է պետպատվերով բուժում ստանալու համար։
«18 տարի ես և մեր շուրջ 200 ազատամարտիկ ընկերները բուժում ստացել ենք սթրես-կենտրոնում, սակայն այս տարի առողջապահության նախարարի թեթև ձեռքով մեր պետպատվերը հանվեց։ Արդեն 3 ամիս է մենք՝ պայքարում ենք, որպեսզի ստանանք մեր հերթական բուժումը, սակայն մեզ պատասխանում են՝ գնացեք հոգեբուժարան»,- հայտնեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










