«Այդ զզվելի հարցն ինձ մի տվեք, այլ Չինաստանին»․ Թրամփին ռասիզմի համար են մեղադրել ասիական ծագում ունեցող լրագրողի հետ վեճից հետո (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռասիզմի համար են մեղադրել, ինչը կապ ունի նախօրեին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ նախագահի և լրագրողներից մեկի միջև ծագած վեճի հետ: Հայտնի է, որ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահն ասիական ծագում ունեցող լրագրողին խորհուրդ է տվել ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի մասին հարցերն ուղղել ոչ թե իրեն, այլ Չինաստանին, գրում է The Guardian-ը։
CNN-ի ազդեցիկ գլխավոր թղթակից Բրայան Սթելտերը հայտարարել է, որ Թրամփի գործողությունները «ռասիստական ենթատեքստ» են ունեցել։
Մայիսի 11-ին իր ելույթի ժամանակ Թրամփը պարծեցել է նրանով, որ ԱՄՆ-ում, ի տարբերություն այլ երկրների, կորոնավիրուսն ախտորոշող թեստերն ամենաշատն են անցկացվել: Թրամփը նաև հայտարարել է «անտեսանելի թշնամու» նկատմամբ հաղթանակի մասին՝ չնայած, որ երկրում զոհերի թիվը գերազանցել է 80 000-ը:
Լրագրողի այն հարցին, թե ինչու է Միացյալ Նահանգներում մահացության թիվը կտրուկ ավելանում, Թրամփը խորհուրդ է տվել այդ մասին Չինաստանին հարցնել: Բացի դա, նա այդ հարցը «զզվելի» է որակել, ինչն էլ բարկացրել է լրագրողին:
«Գուցե այս հարցը պետք է Չինաստանին տաք: Ինձ մի՛ հարցրեք։ Այս հարցը տվեք Չինաստանին: Երբ այս հարցը Չինաստանին տաք, միգուցե մի շատ արտասովոր պատասխան ստանաք»,- ասել է Թրամփը։
CBS-ի՝ ասիական ծագմամբ թղթակիցն ի պատասխան ընդդիմացել է՝ ասելով․ «Պարոն, ինչո՞ւ եք հենց ինձ դա ասում»։
Թրամփը պնդել է, որ ինքը նույն կերպ կպատասխաներ այդ «զզվելի» հարցին՝ անկախ նրանից, թե ով է հարցի հեղինակը։
Թրամփը հրաժարվել է պատասխանել հետագա հարցերին, դադարեցրել է ասուլիսն ու հեռացել է։











