Ուկրաինայում ֆերմերն ինքնասպան է եղել երաշտի հետևանքով ամբողջ բերքը կորցնելու պատճառով

11:11 • 12.05.20

Ուկրաինայի Օդեսա նահանգի Կիլիյայի շրջանում գյուղացին ինքնասպան է եղել ուժեղ երաշտի հետևանքով ամբողջ բերքը կորցնելու պատճառով: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Կիլիյայի շրջանի ղեկավար Պավել Բոյչենկոն, գրում է korrespondent.net-ը։

Նրա խոսքով՝ ինքնասպան եղածը 66-ամյա ֆերմեր Վասիլի Սերդյուչենկոն է, որը չի կարողացել համակերպվել երաշտի պատճառով ամբողջ բերքը կորցնելու փաստի հետ։

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆերմերը բերքի կորստի պատճառով լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է հայտնվել։  Հաղորդվում է, որ նա, ինչպես և շատ այլ ֆերմերներ, վարկ էր վերցրել հողի և ցանքատարածությունների վարձը վճարելու համար, մինչդեռ այս տարվա ամբողջ բերքի կորուստը նշանակում էր, որ չի կարողանալու մարել պարտքերը։

Շրջանի ղեկավարը հայտնել է, որ քաղխորհուրդը դիմել է իշխանություններին՝ գյուղացիներին ֆինանսապես օգնելու խնդրանքով:

«Խոսքը լուրջ գումարների մասին է, որոնք այսօր անհրաժեշտ են որպես արտակարգ իրավիճակի հետ կապված կորուստների ֆինանսական փոխհատուցում։ Երկրորդ տարին անընդմեջ անբերրիությունը, իսկ այս տարի՝ աննախադեպ երաշտը, հուսահատության եզրին են հասցրել մարդկանց», - հավելել է նա։