Օրակարգը մեկն է՝ թույլ չտալ օրորոցում խեղդել ժողովրդավարությունը, ինչի փորձերը տեսնում ենք. Ծովինար Վարդանյան

11:49 • 12.05.20

Վերջին երկու տարում այլևս չկան ջայլամի վարքագիծ, այլևս չկան պարտակված հարցեր և օրակարգը մեկն է՝ թույլ չտալ օրորոցում խեղդել ժողովրդավարությունը, ինչի փորձերը տեսնում ենք: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ օգտվելով Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. զեկույցի վերաբերյալ ելույթի իր իրավունքից:

Նա նշեց, որ հիմա՝ առավել քան երբևէ, ջրի երես են դուրս եկել օրենսդրական բացերը և կարևոր է փոխվստահությունը քաղաքացիների ու պետության միջև: «Եթե ոմանք չունեն խիզախություն առերեսվելու իրականությանը, ապա մեր թիմն այն ունի, քանի որ ժողովրդավարությունը մեզ համար հավատմք է և ո՛չ բեմականացում»,-ասաց նա:

Խոսելով խնդիրների մասին՝ Ծովինար Վարդանյանը նշեց, որ իրենք չեն խուսափում դրանց մասին խոսելոց: «Հիմա, քաջ գիտակցելով, որ այս խորդանոցի խնդիրները վեր հանելով՝ կառավարող ուժը գուցե ստիպված լինի վճարել իր քաղաքական կապիտալով, նա հայտ է ներկայացնում քաղաքացիներին ու բացել է բոլոր տեսակի խոսակցությունները, և մենք պետք է կարողանանք ուղիղ նայել իրականության աչքերին՝ տիրոջ ու ծառայի պատասխանատվություն զգանք երկրի հանդեպ»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ քաղաքացիների հետ երկխոսությունը միակ ճանապարհն է ժողովրդավարության ամրապնդման և բոլոր տեսակի հարցերի լուծման տեսանկյունից: «Եվ այս խոսակցությունը պետք է կայանա»,-հավելեց նա: