Աշխատակիցներին մեկուսացրին, հիմա էլ ասում են՝ բյուլետենի մեջ եք. չի կարելի այդպես, նրանք պետք է իրենց ողջ աշխատավարձն ստանան. Մարալիկի հիվանդանոցի ԺՊ-ի փոխարինող
Սխալ է, որ հիվանդանոցի աշխատակիցներին մեկուսացրին, կարանտինի մեջ պահեցին, հիմա էլ ասում են՝ բուլետենի մեջ եք, մարդիկ պետք է նորմալ իրենց աշխատավարձը ստանան. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի հիվանդանոցի տնօրենի ԺՊ-ին փոխարինող Վռամ Մելիքյանը:
«Նախկինում, թե ինչպես են վարձատրվել, այդ աշխատավարձերի մասին տեղյակ չեմ: Ես հիմա փոխրաինում եմ տնօրենի ԺՊ-ին, քանի որ նա մեկուսացման մեջ է: Ինձ խնդրել են, որ երկու շաբաթվա ընթացքում հաստատությունում ամեն ինչ աշխատի, որովհետև մեր ժողովուրդը մեղք է, գնում են Արթիկից դեղ են գնում, որ այստեղից կարողանան ստանալ իրենց բուժօգնությունը»,- ասաց նա:
Վռամ Մելիքյանը նշեց, որ աշխատակցիների անվտանգության հետ կապված աշխատանքները կարգավորել է, մարդիկ ախտահանված են, հագուստներն էլ, ամեն ինչ ունեն, աշխատում են:
«Ինչ վերաբերում է բուլետենին ու աշխատավարձերին, ես էլ եմ եղել կարանտինի մեջ 14 օր, դա սխալ է, երբ աշխատակիցներին մեկուսացրին տանը և ասացին՝ դուք պետք է բուլետենի մեջ լինեք: Իրենք պետք է իրենց աշխատավարձը ստանան, իրենց մեղքով չեն գնացել մեկուսացել»,- նշեց նա:
Վռամ Մելիքյանի խոսքով՝ մարզպետարանի առողջապահության վարչությունից ասել են, որ կա պարետի, նախարարի որոշում, որ այդպես պետք է վարձատրվեն: «Պարետի որոշումը ես կարդացել եմ, այնտեղ միայն շեշտվում է այն փաստը, որ նախատեսում է այն պանցիետներին, որոնք եղել են ինֆեկցիոնում, նրանց է միայն հասնում բուլետեն, տանը մեկուսացվածներին դա չի վերաբերում»,- պարզաբանեց նա և հավելեց, որ ստույգ հիմնավորում չեն ներկայացնում:
«Ես դիմել եմ մարզպետարան էլ, զանգել եմ նախարարույթուն էլ, ասել եմ՝ մեզ տվեք փաստաթուղթ, եթե մարդկանց հասնում է բուլետեն, թող գնան բուլետեն»,- նշեց նա:
Մելիքյանը նկատեց՝ ինքը չէ աշխատավարձ տվողը, հիվանդանոցի տնօրենի ԺՊ-ն պետք է գա և այս հարցերով զբաղվի, իրենից հասնում էր ճշտելը, ինչը ինքն արել է: «Նրանք ինձ փաստաթուղթ չեն տալիս, ասում են՝ բանավոր է: Այսօր ամսի 11-ն է, մինչև ամսի 15-ը ժողովուրդը պետք է աշխատավարձ ստանա, չի կարելի այս հարցը անորոշ թողնել, չի կարելի այս ձև վարվել: Հիմա չգիտեն՝ բուլետեն պետք է ստանան, թե աշխատավարձ»,- ընդգծեց նա:










