Նազարբաևի թոռը հայտարարել է, որ իրեն խաբել են և 25 միլիոն դոլար թալանել
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը` Այսուլթան Նազարբաևը, կիսվել է հերթական պատմությամբ այն մասին, թե ինչպես են իրեն խաբել և 25 միլիոն դոլար թալանել: Այս մասին գրում է mk.ru կայքը:
Պատմությունը ստացվել է Այսուլթանին հատուկ ոճով. կախարդանքի և միստիկայի խառնուրդով:
Միևնույն ժամանակ Նազարբաևի թոռը ոչ մի բառ չի խոսել իր մոր` Դարիգա Նազարբաևայի մասին, որն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ հեռացվել է Ղազախստանի քաղաքական «Օլիմպոսից», և նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Այսուլթանի խոսքով՝ հոր մահից հետո նա սկսել էր թմրանյութեր օգտագործել, որոնք օգտագործում էին նաև մարդիկ, ում ինքն ընկեր էր համարում, նրանք իրեն «կախարդական խմիչքներ» էին տալիս և այլն:
Նազարբաևի թոռը պատմել է, որ 2015-2017 թվականներին Նուրժան Բիսենբաևը, Թեմիրլան Ուրկումբաևը, Ռուստամ Խալիքնազարովը, Աբլայ Ջումադիլաևը և Ալիյար Բալիևը իր բանկային հաշվից 25 միլիոն դոլար են հանել: Թե որտեղից այդքան գումար նրան, նա չի բացատրել: Սակայն հաշվի առնելով, որ նրա մայրը` Դարիգա Նազարբաևան, վերջերս Մեծ Բրիտանիայի դատարանում ապացուցեց, որ այդ երկրում մի քանի տուն է գնել արդար աշխատած ավելի քան 80 միլիոն ֆունտ սթերլինգով (ավելի քան 90 միլիոն դոլար), իսկ նրա հայր Ռահաթ Ալիևը մի ժամանակ Նուրսուլթան Նազարբաևի գրեթե ամենակարող փեսան էր, միջոցների ծագման մասին դժվար չէ գլխի ընկնելը:
Ավելի հետաքրքիր է այն, թե ում է Նազարբաև կրտսերը համարում գումարի գողացման մեղավորը. դատելով ամենից՝ դա նրա հասակակիցներն են, ում նա ընդունել է որպես ընկեր: Հաստատ ոչ մի բան ասել չի կարելի, սակայն նրա հիշատակած անուններում որոշ համընկնումներ կան: Օրինակ՝ հիշատակված Ալիյար Բալիևը հնարավոր է Ղազախստանի արդարադատության 8-րդ նախարար Զագիպա Բալիևայի որդին լինի, նա նույնպես, ինչպես Այսուլթանը, ծնվել է 1990 թվականին:










