Հյուսիսային և Հարավային Ամերիկաները համավարակի էպիկենտրոն են դարձել․ ԱՀԿ ներկայացուցիչ

15:44 • 12.05.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի կենտրոն են դարձել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Երկու Ամերիկաներում էլ վարակակիրների թիվն ավելանում է։ Ամերիկաներն այժմ համավարակի էպիկենտրոն կանվանեինք»,- նշել է նա։

Հարիսն ընդգծել է նաև, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերի ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է գրանցվել։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,2 միլիոն մարդ, որից 287 670-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: