Բեռլինում «լուսացուցային» համակարգ է սահմանվել կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար
Բեռլինի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ պայքարի «լուսացուցային» համակարգ են սահմանել, որը թույլ է տալիս մի շարք չափանիշների հիման վրա մեղմացնել կամ ուժեղացնել սահմանափակումները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքագլուխ Միխաել Մյուլլեր:
Ներկա պահին Գերմանիայի շրջաններն ինքնուրույն են արձագանքում համաճարակի զարգացման դեմ պայքարի շրջանակներում:
Մյուլլերի խոսքով՝ «լուսացուցային» համակարգի հայեցակարգը ներառում է երեք չափորոշիչ, որոնց կարող է ազդանշանի տարբեր նշանակություն վերագրվել. կանաչը՝ որպես վտանգի բացակայություն, դեղինը՝ որպես ուշադրություն պահանջող և գործողությունների մեկնարկի, կարմիրը՝ որպես անհապաղ միջոցառումներ պահանջող:
Առաջին չափորոշիչը ցույց է տալիս, թե միջինում որքան մարդու է վարակում մեկ վարակված անձնավորությունը: Ներկա պահին Բեռլինի համար այս ցուցանիշը կազմում է 0.79, այսինքն՝ 100 մարդ վարակում է ընդամենը 79 մարդու:
Վտանգի դեղին մակարդակը կհայտարարվի, երբ վերոնշյալ ցուցանիշը կայուն կերպով 1.1-ից բարձր լինի, իսկ 1.2-ից անցնելու դեպքում կարմիր մակարդակ կհայտարարվի:
Երկրորդ չափորոշիչը կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն է 100 հազար բնակչության հաշվով: Բեռլինում այդ ցուցանիշի 20-ի հասնելու դեպքում դեղին մակարդակ կհայտարարվի, 30-ի դեպքում՝ կարմիր:
Երրորդ չափորոշիչը վերակենդանացման բաժանմունքում օգտագործվող մահճակալների քանակն է: Դեղին մակարդակը հավասարազոր է 15 տոկոս օգտագործվող մահճակալին, կարմիրը՝ 25 տոկոս:
Բեռլինում մինչ օրս արձանագրվել է վարակման 6200 դեպք, մահվան՝ 165: Գերմանիայում արձանագրվել է վարակման 172 812 դեպք, մահվան՝ 7676:










