Իսպանիայի ամենատարեց բնակչուհին բուժվել է կորոնավիրուսից
Իսպանիայի ամենատարեց բնակչուհին` 113-ամյա Մարիա Բրանիասը, բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկացրել են նրա հարազատները, որոնք վարում են նրա անունով թվիթերյան օգտահաշիվը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մարիա Բրանիասը վերջին 20 տարիներին ապրում է Կատալոնիայի ինքնավար մարզի Խերոնա քաղաքի ծերանոցներից մեկում: Ապրիլին նրա մոտ կորոնավիրուսի ախտանշաններ էին հայտնաբերվել, հիվանդությունը թեթև է անցել, իսկ մայիսի սկզբին բժիշկները հաստատել են, որ հիվանդը բուժվել է:
Հիվանդության ընթացքում կինը մեկուսացված է եղել իր սենյակում և մշտական հեռախոսային կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ:
Նույն ծերանոցում կորոնավիրուսից արդեն մի քանի մարդ է մահացել:
2019 թվականից Բրանիասը համարվում է Իսպանիայի ամենատարեց բնակչուհին: Նա ծնվել է 1907 թվականին ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում, իսպանացի ներգաղթյալների ընտանիքում: Որոշ ժամանակ անց ընտանիքը վերադարձել է Իսպանիա: 1931 թվականին նա ամուսնացել է բժշկի հետ, ունի 3 երեխա, 11 թոռ և 13 ծոռ: Իր կյանքի ընթացքում Մարիան վերապրել է 1918 թվականի «Իսպանական գրիպի» համաճարակն ու 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմը:










