ԱՄՆ-ում «գրեթե վստահաբար» ավելի շատ մարդ է մահացել կորոնավիրուսից, քան հաղորդվում է. կա տարածման երկրորդ ալիքի հավանականություն. Ֆաուչի
ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, բժիշկ Էնթոնի Ֆաուչին, պատասխանելով Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հարցերով հանձնաժողովի հարցերին, հայտարարել է, որ մի շարք փորձագետների կարծիքով՝ ավելի շատ ամերիկացիներ են մահացել կորոնավիրուսից, քան հաղորդվել է:
«Մեզանից շատերը զգում են, որ մահացության ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան այս թիվը: Հաշվի առնելով միայն Նյու Յորքում տիրող իրավիճակը, որտեղ առողջապահական համակարգն իրականում բախվել է դժվարին մարտահրավերի, կարող են լինել մարդիկ, որոնք մահացել իրենց տներում, որոնց չեն հաշվել «Քովիդ-19»-ից մահացածների թվում»,-CNN-ը մեջբերում է Ֆաուչիի խոսքը:
Նա նշել է, որ չի կարող հստակ նշել, թե ինչքանով է բարձր մահացության ցուցանիշը ներկայացված թվից, սակայն «վստահաբար այն ավելի բարձր է»:
Ֆաուչին նշել է նաև, որ քանի դեռ կորոնավիրուսն ուղղակի չի «անհետանա» այս աշնանը, երկիրը կանգնած է տարածման երկրորդ ալիքի վտանգի առաջ, որը կարելի է մեղմացնել ակտիվ թեստավորման օգնությամբ: Նրա խոսքով՝ «ամենայն հավանականությամբ, երկրորդ ալիքը կտարածվի աշնանը»:










