Իրանում կարանտինային ռեժիմի թուլացման ֆոնին ժամանակավորապես կվերաբացվեն մզկիթները
Իրանում կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ամիսներ առաջ փակված մզկիթները երեքշաբթի ժամանակավորապես կվերաբացվեն, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մզկիթների՝ ժամանակավոր վերաբացումն իրականացվում է կառավարության՝ սահմանափակումների ռեժիմի թուլացման ծրագրի շրջանակում։ Հայտնի է, նախնական որոշման համաձայն՝ մզկիթները բաց կլինեն Ռամադան սուրբ ամսվա երեք օրը։
Նշվում է, որ Իրանում համավարակի սկզբից կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 109 286-ի, որից 87 422-ն ապաքինվել է, մահացել է 6685 մարդ։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,2 միլիոն մարդ, որից 287 513-ը մահացել է։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը:










