Փարիզում արգելվել է ալկոհոլի օգտագործումը գետերի և ջրանցքների ափերին
Փարիզի ոստիկանությունը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաների նախաձեռնությամբ արգելել է ալկոհոլային թունդ խմիչքների օգտագործումը մայրաքաղաքի գետերի և ջրանցքների ափերին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ մայիսի 11-ին Սեն Մերտեն ջրանցքի ափին հավաքվել էր քաղաքացիների մեծ խումբ, որն ալկոհոլային խմիչքներով նշում էր կարանտինային խիստ սահմանափակումների չեղարկումը` «առանց հեռավորությունը և սանիտարական կանոնները պահպանելու»:
«Բախվելով անպատասխանատու վարքի հետ՝ ոստիկանությանը խնդրել եմ արգելել ալկոհոլի օգտագործումը ջրանցքի մոտ և քաղաքի այլ ջրային վայրերում»,-գրել է Կաստաներն իր թվիթերյան էջում:
Նշվում է, որ սահմանված արգելքը ուժի մեջ է մտնում մայիսի 12-ից: Միևնույն ժամանակ արգելքի ժամկետների մասին տեղեկություն չկա:
Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 177 423 դեպք, վարակման հետևանքով մահացել է 26 643 մարդ:










