Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով:
Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ գտնվում է հիվանդանոցում:
Պեսկովը Ռուսաստանի իշխանական օղակի առաջին ներկայացուցիչը չէ, որ վարակվել է կորոնավիրուսով: Այսպես, ապրիլի 30-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էր երկրի ղեկավարին տեղեկացրել, որ իր կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:
Մայիսի մեկին պարզ էր դարձել շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևի, իսկ մայիսի 6-ին` մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի վարակման մասին:
Ռուսաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 232 243 դեպք, վարակվածներից 2116-ը մահացել է:










