Հռոմի Ֆրանցիսկոս պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել ներդրումներ անել առողջապահության ոլորտում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է երկրների ղեկավարներին՝ առողջապահության համակարգում ներդրումներ անելու խնդրանքով և ընդգծել, որ բազմաթիվ երկրներում կորոնավիրուսի տարածումը ջրի երես է հանել այս ոլորտում առկա բազում թերությունները:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, սրբազան քահանայապետի հայտարարությունը բուժքույրերի միջազգային օրվա առթիվ հրապարակել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը:
«Շատ երկրներում համավարակը բացահայտել է առողջապահության ոլորտի թերությունները: Այդ առնչությամբ դիմում եմ երկրների ղեկավարներին ողջ աշխարհում՝ կոչ անելով նրանց ներդրումներ անել առողջապահության ոլորտում՝ որպես համընդհանուր բարօրության գլխավոր գրավական, ամրապնդել բուժհաստատությունները և ավելի շատ բուժքույրերի ներգրավել, որպեսզի յուրաքանչյուրին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրվի»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:










