Եթե մարդն ընդունի իր սխալը, հետևություններ կանի և չի կրկնի, ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք կրկնում և ներողություն են խնդրում. Անի Սամսոնյանը՝ Մակունցի և այլոց՝ ներողություն խնդրելու մասին

20:22 • 12.05.20

Ինձ համար կարևոր է մարդու մշակույթը, և ոչ թե ամեն անգամ նույն բանն անելուց հետո ներողություն խնդրելը, որովհետև եթե մարդն ընդունի իր սխալը, հետևություններ կանի և դա չի կրկնի: Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ խոսելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի և դրա համար ներողություն խնդրելու հարցին:

Դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակի համար ներողություն են խնդրել պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը, Սամսոնյանը պատասխանեց. «Կներեք, ես չեմ հասկանում այն մարդկանց, որ նույն բանն են կրկնում և հետո ներողություն խնդրում: Ումի՞ց պետք է մենք ներողություն խնդրենք, այն մարդկանի՞ց, որ երկու տարի շարունակ ԱԺ ամբիոնից մեզ զրպարտել և վիրավորել են: Ներողությո՞ւն խնդրենք նրա համար, որ մենք ստիպված ենք եղել պաշտպանել մեր արժանապատվությունը»:

«Այո՛, երբ մենք պաշտպանում ենք մեր արժանապատվությունը, մենք ստիպված իջնում ենք իրենց մակարդակին, բայց այլ կերպ չի լինում: Մենք պիտի պաշտպանվենք և նրանք մեզնից ներողություն պիտի խնդրեն այն բանի համար, որ մեզ զրպարտում են և չեն ներկայացնում ապացույցներ: Զրպարտանքը լինում է գիտակցված և չգիտակցված, երբ դու դա անում ես չգիտակցված, կարող ես հետո ներողություն խնդրել, որ ապատեղեկատվություն ունեիր, բայց երբ անում ես գիտակցված, դա նշանակում է, որ դու զրպարտիչ ես: Օրինակ՝ մեզ կապում են ինչ-որ բանդաների, անձանց հետ և  մինչև այսօր չեն ներկայացնում որևէ ապացույց»,- նշեց նա:

Սամսոնյանը նշեց, որ հասկանում է իշխող ուժի որդեգրած մարտավարությունը, սակայն լուրջ չէ, որ այդ ամենը արվում է պաշտոնյաների կողմից, որով էլ մանիպուլացվում են քաղաքացիները:

Մանրամասները՝ տեսանյութում