«Մենք կհիասթափեցնենք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մեր տնտեսությունը կկործանվի». Էրդողանը սպառնացել է նաև հայկական ու հունական լոբբիներին

09:55 • 12.05.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 11-ին կորոնավիրուսի դեմ պայքարին ու երկրի տնտեսական իրավիճակին նվիրված իր ելույթում շնորհակալություն է հայտնել դժվար իրավիճակում իշխանություններին աջակցող ուժերին, ինչպես նաև անդրադարձել է այն ուժերին և կազմակերպություններին, որոնցից սպառնալիք է տեսնում Թուրքիայի համար:

Էրդողանի խոսքը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիայի դեմ կատարվող ոչ մի խաղ չի կարող խաթարել մեր օրհնված երթը: Մենք կշարունակենք հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մեր տնտեսությունը կկործանվի: Թուրքիայի թշնամական ուժերը կճնշվեն իրենց բներում` գյուլենականներից մինչև Քրդական բանվորական կուսակցություն, հայկական և հունական լոբբիներից մինչև ծոցի երկրներ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նույն ելույթի ժամանակ Էրդողանը տեղեկացրել է, որ Թուրքիայում մայիսի 16-19-ը կրկին պարետային ժամ է սահմանվելու և արգելվելու է տնից դուրս գալ: