Ուկրաինայի դեսպանը «Կատյուշա» երգի պատճառով «սպառնացել է» Թուրքիային թողնել առանց ուկրաինացի զբոսաշրջիկների
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան Ալանիա առողջարանային քաղաքում Հաղթանակի օրվան նվիրված համերգի ժամանակ «Կատյուշա» երգի կատարումն ուկրաինացիների նկատմամբ անարգանք է անվանել:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դիվանագետը սադրանք է անվանել ակցիան: «Մի՞թե ուկրաինացի զբոսաշրջիկն այլևս ցանկալի չէ հիասքանչ Ալանիայում»,- գրել է դեսպանն իր թվիթերյան էջում:
Նա հավելել է, որ ակցիայի մասնակիցները խախտել են կարանտինի պահանջները:
Թուրքական քաղաքում մայիսի 9-ին համերգ է տեղի ունեցել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին: Համերգի մասնակիցները ելույթ են ունեցել ավտոբուսում:
Տեղի ռուսական համայնքի ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքի իշխանությունները հավանության են արժանացրել ակցիայի անցկացումը:










