Twitter-ը կմակնշի բոլոր այն հրապարակումները, որոնք կպարունակեն կորոնավիրուսի վերաբերյալ ապակողմնորոշող կամ վիճելի տեղեկատվություն
Twitter-ը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից մակնշվելու են այն հաղորդագրությունները, որոնք պարունակելու են կորոնավիրուսի վերաբերյալ վիճելի կամ մոլորության մեջ գցող տեղեկատվություն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սոցիալական ցանցից հայտնել են, որ իրենց նպատակը Twitter-ում արժանահավատ տեղեկատվության որոնումը պարզեցնելու և պոտենցիալ վնասակար կոնտենտի տարածումը սահմանափակելն է:
«Այսօրվանից սկսած մենք ներդնում ենք նոր մակնշումներ և նախազգուշական հաղորդագրություններ, որոնք հավելյալ կոնտեքստ և տեղեկատվություն կհաղորդեն մասնավորապես Covid-19-ի մասին վիճելի կամ մոլորության մեջ գցող տեղեկատվություն պարունակող որոշ թվիթների վերաբերյալ»,- նշվում է Twitter-ի հաղորդագրությունում:
Նշվում է, որ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության դեմ պայքարի համար նախատեսված նոր գործիքի կիրառումը կվերաբերի նաև «մինչ այս հրապարակված թվիթներին»: Նախատեսվում է նաև հրապարակման հեռացում, եթե դրանում առկա տեղեկատվությունը կեղծ է:










