«Դուք անում եք ամեն ինչ, որ ձեզ խփեմ»․ Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը բանավիճեցին ԱԺ միջանցքում (տեսանյութ)

13:16 • 13.05.20

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում:

Ալեն Սիմոնյանը նախ նշեց, որ 2018-ի հեղափոխության ժամանակ ապրիլի 16-ին նա «Ելք» դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում իր գործընկերներին կոչ է արել դուրս գալ փողոց, սակայն Էդմոն Մարուքյանն ու մյուսները չեն արձագանքել, ինչը Մարուքյանը հերքեց․

«Տեսանյութը կա, որ բռնություն է եղել մենք եկել ենք։ Եկել եմ Արամ Սարգսյանի հետ։ Հիմա ես դնելու եմ ֆեյսբուքյան իմ պատին այն կադրերը, որ բռնությունից հետո մենք գնում ենք դեպի հիվանդանոց եւ Փաշինյանի հետ գալիս ենք Հրապարակ»։

Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին և վերջին շրջանում ստեղված լարված մթնոլորտին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը ընդունում է այն ներողությունները, որոնք հայտնեց Էդմոն Մարուքյանը. «Գնահատում եմ դա և կոչ եմ անում ձեզ՝ վերադառնալ աշխատել, որովհետեւ այն ինչն այստեղ ասում եք՝ առ այն, որ այլ կարծիք չկա՝ վիրավորանք է։ Ձեզ ոչ մեկ հետևից չի խփել՝ տեսանյութում էլ կա»։

Մարուքյանն արձագանքեց. «Նայեք՝ ում հետ գործ ունեք։  Ալեն Սիմոնյանն ասում է՝ քեզ հետևից չեն խփել։ Ես ձեզ հետ բանավեճ չունեմ, հետո էլ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ դու տենց խոսում ես,  չի դատապարտում ձեր վարքը»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ Էդմոն Մարուքյանն էր ուզում, որ իրեն խփեին. «Դուք մեկ տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեմ։ Պարոն Մարուքյան, դուք ամեն ինչ արել եք, որ ձեզ հարվածեն, որ դուք հարցազրույց տաք, ելույթ ունենաք»։