Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդը կարանտինի ժամանակ գաղտնի աշխատել է հիվանդանոցում

10:05 • 13.05.20

Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբը Մեծ Բրիտանիայում հայտարարված կարանտինի ժամանակ գաղտնի աշխատել է Լոնդոնի հիվանդանոցում, գրում է express.co-ն։

Նշվում է, որ 64-ամյա հոգևորականը հատուկ դասընթացներ է անցել անհատական պաշտպանության միջոցները ճիշտ կրելու և վարակված մարդկանց հետ շփվելու համար:

Այնուհետև նա կամավոր աշխատանքի է անցել իր նստավայրից ոչ հեռու՝ Թեմզայի հարավային ափին գտնվող Սուրբ Թոմասի հիվանդանոցում, որտեղ մեկ շաբաթ բուժում է ստացել նաև կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նշվում է, որ արքեպիսկոպոսը վարչապետի հետ չի շփվել բուժհաստատությունում։

«Կարանտինի հայտարարումից ի վեր արքեպիսկոպոս Ջասթին Ուելբը կամավոր աշխատել է Սուրբ Թոմասի հիվանդանոցում`աղոթելով հիվանդների և մահացածների համար»,− հայտնել է քաջատեղյակ աղբյուրը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Մեծ Բրիտանիայի եկեղեցիները փակվել էին մարտի կեսերին։ Տաճարներում ժամերգությունները նախատեսում են վերսկսել միայն հուլիսին։