ԿՀՎ-ն կարծում է, որ Չինաստանը ճնշում է գործադրել ԱՀԿ-ի վրա՝ կորոնավիրուսի մասին հրապարակային նախազգուշացումները հետաձգելու համար. Daily Mail
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կարծում է, որ Չինաստանը ճնշում է գործադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության վրա, որպեսզի հետաձգի կորոնավիրուսի բռնկման սկզբում վարակի մասին հրապարակային նախազգուշացումները, ասված է նոր զեկույցում, գրում է Daily Mail-ը։
ԿՀՎ-ի զեկույցում ասվում է, որ Չինաստանը սպառնացել է կորոնավիրուսի հետաքննության հարցում դադարեցնել համագործակցությունն ԱՀԿ-ի հետ, եթե կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումն առողջապահության ոլորտում գլոբալ արտակարգ իրավիճակ հայտարարի։
Աղբյուրը գրում է, որ ենթադրյալ սպառնալիքները Չինաստանը հնչեցրել է հունվարին, երբ վիրուսն ամբողջ աշխարհում աննկատ էր տարածվում, մինչդեռ Չինաստանը կուտակում էր ԱՄՆ-ում և այլ երկրներում արտադրված բժշկական սարքավորումների և պաշտպանական միջոցների պաշարներ։
Սա արևմտյան հետախուզության արդեն երկրորդ զեկույցն է, որում Չինաստանին մեղադրում են ԱՀԿ-ի վրա ճնշում գործադրելու համար։
Der Spiegel գերմանական շաբաթաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ժամանակ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին խնդրել է չհայտնել կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցման մասին և համավարակ չհայտարարել։ Պարբերականն իր հոդվածում հղում է կատարել Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությանը, որը, սակայն, հրաժարվել է այդ մեկնաբանություններից։
Der Spiegel-ը նաև պնդել է, որ հետախուզությունը եկել է այն եզրակացությանը, որ Չինաստանի տեղեկատվական քաղաքականության պատճառով աշխարհը մինչև վեց շաբաթ ժամանակ է կորցրել կորոնավիրուսի դեմ պայքարում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «կեղծ լուրեր» է որակել լրատվամիջոցների տարածած տեղեկությունները՝ նշելով, որ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի և ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի միջև հունվարին կայացած հեռախոսազրույցի մասին գերմանական թերթի հաղորդագրությունն «անհիմն է և չի համապատասխանում իրականությանը»։
ԱՀԿ-ն իր հրապարակած հաղորդագրությունում նշել է, որ Ղեբրեյեսուսը և Չինաստանի ղեկավարը «երբեք հեռախոսով չեն խոսել»՝ հավելելով, որ նման ստահոդ հաղորդագրությունները խանգարում են COVID-19 համավարակը դադարեցնելու ուղղությամբ ԱՀԿ-ի և ամբողջ աշխարհի ջանքերին։










