ՀԴԲ-ն ՆԱՍԱ-ի աշխատակցին ձերբակալել է Չինաստանի հետ կապերը թաքցնելու համար

11:48 • 13.05.20

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ձերբակալել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) աշխատակցին, որը, ինչպես հաղորդվում է, ՆԱՍԱ-ի հետազոտական նախագծի համար ֆինանսավորում ստանալու ընթացքում չի հայտնել չինական կազմակերպությունների հետ իր կապերի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, գրում է CNN-ը։

63-ամյա Սայմոն Սո Թեոնգ Անգը դաշնային բյուրոյի գործակալների կողմից ձերբակալվել է ուրբաթ և մեղադրվում է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով խարդախության համար։

Իշխանությունները պնդում են, որ Արկանզաս Ֆայեթվիլ համալսարանի պրոֆեսոր և գիտաշխատող Անգը մոլորեցրել է ՆԱՍԱ-ին՝ «չբացահայտելով, որ ինքն այլ պաշտոններ է զբաղեցնում չինական համալսարաններից մեկում և չինական ընկերություններում»։

Իրենց ուսումնասիրությունների շրջանակում իշխանությունները հայտարարել են, որ տղամարդը դաշնային գործակալություններից, այդ թվում՝ ՆԱՍԱ-ից մի քանի դրամաշնորհ է ստացել: