Մեքսիկայում ոստիկանությունը հանցավոր խմբավորման պարագլխի ձերբակալության ժամանակ առգրավել է նրա AR-15 ոսկեզօծ հրացանը (լուսանկարներ)
Մեքսիկացի ոստիկանները «Լաս Բիգոտոնաս» հանցավոր խմբավորման պարագլխին ձերբակալելուց հետո առգրավել են նրա AR-15 անհատական ոսկեզօծ հրացանը, գրում է Daily Mail-ը։
Էլ Յորի անունով հայտնի Վիկտոր Իվանն անցյալ շաբաթ ձերբակալվել է Մեքսիկայի Պուեբլա նահանգում։ Հաղորդվում է, որ խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է 38 փաթեթ բյուրեղային մետամֆետամին, ինչպես նաև ոսկեզօծ ինքնաձիգ։
Ինքնաձիգը զարդարված է եղել մեքսիկական ավանդական «Մեռյալների օր» տոնակատարության սրբերի պատկերներով։ Ձերբակալության ժամանակ ոստիկանները նաև զենքի 20 փամփուշտ են հայտնաբերել։
Ոստիկանները կասկածյալին մեղադրում են կողոպուտի, թմրանյութերի մաքսանենգության, զենքի առուվաճառքի, ինչպես նաև մի քանի սպանությունների համար։












