«Լրատվամիջոցները դուրս են եկել վերահսկողությունից»․ Թրամփը հայտարարել է, որ լրագրողներն իր դեմ դավադրություն են կազմակերպել

10:56 • 13.05.20

Օրերս Սպիտակ տանը լրագրողների հետ բախումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցները «դուրս են եկել վերահսկողությունից» և իր դեմ դավեր են կազմակերպում, գրում է Newsweek-ը։

Twitter-ում կիսվելով իր և լրագրողներից մեկի հետ վեճի տեսանյութը ՝ Սպիտակ տան ղեկավարը գրել է․ «Լրատվամիջոցները իսկապես դուրս են եկել վերահսկողությունից։ Տեսե՛ք, թե ինչպես են միասին աշխատում (դավադրություն կազմակերպում)։ Նրանք ժողովրդի թշնամիներն են, բայց մի՛ անհանգստացեք, մենք հաղթելու ենք նոյեմբերին»։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը պարծեցել է նրանով, որ ԱՄՆ-ում, ի տարբերություն այլ երկրների, կորոնավիրուսն ախտորոշող թեստերն ամենաշատն են անցկացվել: Թրամփը նաև հայտարարել է «անտեսանելի թշնամու» նկատմամբ հաղթանակի մասին՝ չնայած, որ երկրում զոհերի թիվը գերազանցել է 80 000-ը:

Լրագրողի այն հարցին, թե ինչու է Միացյալ Նահանգներում մահացության թիվը կտրուկ ավելանում, Թրամփը խորհուրդ է տվել այդ մասին Չինաստանին հարցնել: Բացի դա, նա այդ հարցը «զզվելի» է որակել, ինչն էլ բարկացրել է լրագրողին:

«Գուցե այս հարցը պետք է Չինաստանին տաք: Ինձ մի՛ հարցրեք։ Այս հարցը տվեք Չինաստանին: Երբ այս հարցը Չինաստանին տաք, միգուցե մի շատ արտասովոր պատասխան ստանաք»,- ասել է Թրամփը։

Մինչ Թրամփը փորձել է անցնել մյուս՝ CNN-ի թղթակից Քեյթլին Քոլինզի հարցին, վերջինս հնարավորություն է տվել ասիական ծագումով լրագրողուհուն հակադարձել Թարմփին։

«Պարոն, ինչո՞ւ եք հենց  ինձ դա ասում»,- ասել է CBS-ի՝ ասիական ծագմամբ թղթակիցը։

Թրամփը պնդել է, որ ինքը նույն կերպ կպատասխաներ այդ «զզվելի» հարցին՝ անկախ նրանից, թե ով է հարցի հեղինակը։

Թրամփը հրաժարվել է պատասխանել հետագա հարցերին, դադարեցրել է ասուլիսն ու հեռացել է։