ԱՄՆ Կոնգրեսը քննարկման է ներկայացրել Չինաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

08:38 • 13.05.20

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատ է ներկայացրել COVID-19-ի պատասխանատվության մասին օրինագիծը, որը թույլ է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե երկիրը կորոնավիրուսի բռնկման մասին ամբողջական հաշվետվություն չտա, գրում է The Hill-ը։

«Ես վստահ եմ, որ եթե չլիներ Չինաստանի Կոմունիստական կուսակցության խաբեությունը, ապա այստեղ՝ Միացյալ Նահանգներում, վիրուս չէր լինի։ Չինաստանը հրաժարվում է թույլ տալ միջազգային հանրությանը մտնել Ուհանի լաբորատորիա՝ հետաքննություն անցկացնելու։ Նրանք հրաժարվում են մասնագետներին թույլ տալ ուսումնասիրել, թե ինչպես է սկսվել հիվանդության բռնկումը։ Ես համոզված եմ, որ Չինաստանը երբեք չի համագործակցի լուրջ հետաքննության հարցում, քանի դեռ նրան չեն ստիպել։ Այդ կոշտ օրինագիծը պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն համագործակցել»,- ասել Է սենատորը:

Փաստաթղթի համաձայն՝ 60 օրվա ընթացքում Թրամփը պետք է հաստատի Կոնգրեսին, որ Չինաստանը ամբողջական հաշվետվություն է ներկայացրել ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների կամ ՄԱԿ-ի կառույցների կողմից անցկացված ցանկացած հետազոտության վերաբերյալ:

Բացի այդ, օրինագիծը Չինաստանի իշխանություններից պահանջում է փակել ծովամթերքի բոլոր շուկաները և ազատ արձակել այն ակտիվիստներին, որոնք Հոնկոնգում ձերբակալվել են համավարակի սկսվելուց ի վեր հակակառավարական ցույցերի ժամանակ:

Ըստ հաղորդման՝ առանց հավաստագրման Թրամփին թույլատրվում է ցանկից ընտրել առնվազն երկու պատժամիջոց, այդ թվում՝ կոնկրետ չինացի պաշտոնյաների ակտիվների սառեցում, ուղևորությունների արգելք, Չինաստանի կոնկրետ քաղաքացիների համար վիզաների չեղարկում և Չինաստանի քաղաքացիներին ուսանողական վիզաների տրամադրման արգելք:

Պատժամիջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի հաստատել, որ Չինաստանը համագործակցել է կորոնավիրուսի հետաքննության հարցում, և որ երկրի ծովամթերքի շուկաները փակվել են: