ԱՄՆ խոշորագույն ավիաընկերություններն ուղևորներին չեն պարտադրի օդանավի սրահում դիմակ կրել
ԱՄՆ երեք խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines -ը, Delta Air Lines-ը և United Airlines-ը, բորտուղեկցորդներին կարգադրել են չվերթների ուղևորներին չստիպել ինքնաթիռում դիմակ կրել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ այս ավիաընկերություններն իրենց աշխատակիցներին հայտնել են, որ ուղևորներին կարող են ստիպել դիմակ կրել ինքնաթիռ նստելիս և ինքնաթիռից դուրս գալիս։ Այնուամենայնիվ, օդանավի ներսում պաշտպանական դիմակի կրումն ապահովելը «ավելի դժվար է դառնում», պարզաբանում Է գործակալությունը:
«Այն պահից, երբ ուղևորն արդեն օդանավում է, պաշտպանիչ դիմակ կրելու կանոնն ավելի մեղմ է գործում։ Բորտուղեկցորդի դերը այս պարագայում արդեն դառնում է տեղեկության փոխանցումը, այլ ոչ թե հարկադրումը», - ասված է American Airlines ավիաընկերության՝ անձնակազմին ուղղված հաղորդագրությունում։
Անցյալ շաբաթ օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) հանդես է եկել ինքնաթիռներում պարտադիր դիմակներ կրելու օգտին:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մարտի վերջին 25 մլրդ դոլար Է հատկացրել կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած ավիափոխադրողներին աջակցելու համար: Ապրիլի կեսերին գերատեսչությունը հայտնել էր, որ այդ փաթեթից ստացված միջոցներին են հավակնում ամերիկյան տասը խոշոր ավիաընկերություն, այդ թվում ՝ American Airlines-ը և Delta Air Lines-ը:










