ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը համավարակի հետևանքով մասշտաբային սով է կանխատեսել
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի վերլուծությունների համաձայն՝ կորոնավիրուսի համավարակն աշխարհի տարբեր հատվածներում մարդասիրական աղետի և սովի կհանգեցնի, այս մասին հայտնի է դառնում կազմակերպության թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում։
Վերջին հաշվարկների համաձայն՝ մոլորակի քառորդ միլիարդ բնակիչ արդեն իսկ 2020 թվականին կարող է COVID-19-ի հետևանքների պատճառով սովի խնդրին բախվել։
«Ներկայում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը երեք ամսվա համար բավարար սննդի պահուստներ է կուտակում ամենախոցելի երկրներում»,- ասվում է հաղորդագրությունում։
Թվիթերյան գրառմանը կից կազմակերպությունը նաև կուտակվող պաշարների մասշտաբները ցուցադրող տեսանյութ է հրապարակել, որտեղ հարյուրավոր շարքերով սնունդ է «դիզված»։
Հիշեցնենք, որ նախկինում Ծրագրի ղեկավար Դևիդ Բիզին հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակը կարող է «բիբլիական մասշտաբների» սովի հանգեցնել։










