Եթե մաքսանենգ ապրանք է հայտնվել օտար պետության տարածքում, ապա քրեական գործեր կհարուցվեին. Անդրանիկ Քոչարյանը՝ Աֆղանստան արտահանվող ծխախոտի մասին

13:20 • 13.05.20

Հրաչ Հակոբյանի հետ մաքսանենգ ծխախոտի արտահանման պատմությունը հաստատ կապ չի կարող ունենալ: Այս մասին այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի թեմային, որին անդրադարձել էր նաև Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Պատմությունը հետևյալն է. ՀՀ-ից մեկնում է ինքնաթիռ՝ «Զվարթնոց»-ից, ըստ փաստաթղթերի՝ պետք է գնար Աֆղանստան: Այդ ինքնաթիռը վայրէջք է կատարում Աֆղանստանից ամենաանտրամաբանական հեռավորության վրա գտնվող ՌԴ-ի Կրասնոդարի օդանավակայանում, որը ՌԴ իրավապահներն առգրավում են և հարուցում են քրեական գործ»,- հայտնել էր Միքայել Մինասյանը:

Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով նշված ինֆորմացիային, ասաց, որ ազգային անվտանգության տեսանկյունից, եթե մաքսանենգ ապրանք է դուրս եկել, ապա մաքսանենգությունը պետք է ֆիքսված լինի Հայաստանի մաքսային տրածքում:

«Եթե այն հայտնվել է օտար պետության մեջ և ֆիքսվել է, ապա քերական գործեր կհարուցվեին և դրա ամբողջությունը պահանջելու է, որ բացահայտվեն մաքսանենգ ապրանքի հետ կապված բոլոր դրվագները: Բայց եթե մաքսանենգ չէ, այդ դեպքում լրիվ ուրիշ պատմություն է, ստացվում է՝ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը կարևորեց, որ ուսումնասիրություններն իրականացվեն ամբողջությամբ, որ այս թեման ոչ միայն բացահայտվի, այլ ընդհանրապես չշահարկվի վարկաբեկման այն տիրույթում, որը նպատակ է դրված իշխանության լեգիտիմությունը «մաշեցնելու» առումով: «Եթե մաքսանենգ ապրանք է, ապա պետք է ՌԴ-ից տեղափոխվի Հայաստանի իրավական համակարգ, բայց այդպիսի գործընթաց չկա»,-ասաց նա: