Անգելա Մերկելը նշել է, որ ճնշող կլինի սահմանափակումներին վերադառնալ. Գերմանիայում հույս ունեն՝ ԵՄ տարածքում ճամփորդությունները վերսկել հունիսի 15-ից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը հայտարարել է, որ ճնշող կլինի սահմանափակումներին վերադառնալ, քանի որ «մենք չափազանց շատ բան ենք ուզում և չափազանց արագ»: CNN-ի հաղորդմամբ՝ Մերկելը նման հայտարարությամբ հանդես է եկել չորեքշաբթի, երբ երկիրը սկսում է մեղմացնել կարանտինի միջոցառումները:
Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Մերկելը հայտարարել է, որ երկիրը որոշ ժամանակ ստիպված կլինի ապրել վիրուսի պայմաններում:
Ընդգծելով կորոնավիրուսի վարակման նոր ալիքից խուսափելու կարևորությունը՝ Մերկելն ասել է. «Մենք պարտավորված ենք չվտանգել այն ձեռքբերումը, որն արդեն գրանցել ենք»:
Բացի այդ, երկրի ներքին գործերի նախարար Հորսթ Սիհոֆերը հայտարարել է, որ Գերմանիայում հույս ունեն առանց սահմանափակումների ուղևորությունները Եվրամիության տարածքում սկսել հունիսի 15-ից:










