«Կամք» հասարակական շարժման ներկայացուցիչը ձերբակալվել է՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով. առավել տարօրինակ է հարցի քրեաիրավական կողմը. Ռուբեն Մելիքյան

02:24 • 13.05.20

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ քիչ առաջ «Կամք» հասարակական շարժման ներկայացուցիչ Վահագն Չախալյանից տեղեկացել է, որ այդ շարժման անդամներից մեկը ձերբակալվել է՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով։

«Ըստ Չախալյանի՝ ձերբակալվածը չի ընդունում պատգամավորի ներկայացրած փաստերը։ Բայց առավել տարօրինակ է հարցի քրեաիրավական կողմը. Չախալյանն ինձ տեղեկացրեց, որ անձը ձերբակալվել է քր. օր. 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու կասկածով։ Այն է՝ «իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։

Ընդ որում՝ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է «իշխանության ներկայացուցիչ» հասկացությունը. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով»։ Այլ կերպ՝ 316 հոդվածը վերաբերելի է միայն այն ծառայողներին, որոնք իրավասու են ցանկացած մարդու կարգադրել։

Հիմնականում՝ դրանք ոստիկանության ծառայողներն են։ Հիմա՝ ԱԺ պատգամավորը երբվանի՞ց դարձավ ոստիկան, որ նրա նկատմամբ իբրև թե բռնությունը որակել եք 316-րդ հոդվածով։ Երբվանի՞ց եք պատգամավորներին օժտել մարդկանց կարգադրելու լիազորությամբ»,- գրել է Մելիքյանը։