«Օրենքով գողերը» հայց են ներկայացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ
«Օրենքով գողերը» դատական հայց են ներկայացրել ընդդեմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի: Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, նման տեղեկություն է ստացել Прайм Тайм գործակալությունը:
Նշվում է, որը գործը պայմանավորված է նախագահի որոշմամբ, որի համաձայն բազմաթիվ քրեական «հեղինակություններ» զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, ինչն էլ սահմանափակել է նրանց տեղաշարժը դեպի այլ երկրներ: Բացի այդ, այլ երկրներում ձերբակալվելու դեպքում նրանց չեն արտաքսի Վրաստան:
Հիմնականում խոսքն այն «օրենքով գողերի» մասին է, որոնք արդարացվել էին վրացական դատարանների կողմից 2013-18թթ., սակայն դրանից հետո նրանք այնուամենայնիվ ստիպված են եղել հեռանալ երկրից:
Վերջին հինգ տարիների ընթացքում վրացական արդարադատությունը անմեղ է ճանաչել և դատարանի դահլիճից ազատ է արձակել ավելի քան 30 «օրենքով գողերի». որոնց թվում կան հետխորհրդային տարածքում բավականին ազդեցիկ և ճանաչված քրեական «հեղինակություններ»:
Նրանցից շատերին կեղծ փաստաթղթերով բազմիցս ձերբակալել են օտար երկրներում, և Վրաստանը տեղեկացվել է այդ մասին, ինչից հետո էլ երկրի նախագահ Զուրաբիշվիլին որոշում է կայացրել նրանց Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին՝ թողնելով ընդհանրապես առանց քաղաքացիության:










