Մեր մահճակալային ֆոնդն այս պահի դրությամբ մոտ 2000 է. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

16:13 • 14.05.20

Մեր մահճակալային ֆոնդը այս պահի դրությամբ մոտավորապես 2000 է, և թոքաբորբ ունեցողների 25-35 տոկոսը կարիք չունի ինտենսիվ բուժման: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Տիգրան Ավինյանը նշեց, որ առողջապահական համակարգի կարողությունների առումով «մեզ վստահ ենք զգում»: «Մենք կարծում եմ, որ առաջանցիկ տեմպերով ենք հասցրել առողջապահական համակարգը բերել մի մակարդակի, որը մեզ թույլ է տալիս վստահորեն այսօր որոշակի սահմանափակումների նվազեցման գնալ, քանի որ պարզ է, որ ընդհանուր առմամբ վարակի տարածման ամբողջական մարումը երկար պրոցես է, և ինչպես շատ երկրների փորձը ցույց է տալիս, վարակի մարելուց հետո կրկին բռնկումները հնարավոր են: Կարծում եմ, որ առողջապահական համակարգի առաջնային խնդիրը լուծել ենք»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանը հետաքրքվեց տնտեսական աջակցության մասին: «Իսկապես փողի խնդիր չկա՞»,- հարցրեց նա: Ի պատասխան Տիգրան Ավինյանը նշեց, որ աջակցության պրոցեը շարունակական էլ լինելու: «Լինելու են նոր գրոծիքներ բիզնեսի և նոր ծրագրերի աջակցության, որոնց մասին շուտով կխոսենք»,-ասաց նա: