Մայիսի 25-ից պարտադիր է ոչ միայն հանրային փակ, այլև՝ հանրային բաց վայրերում դիմակների կրումը. կանոնները խախտողները կտուգանվեն. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

17:08 • 14.05.20

Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև՝ հանրային բաց վայրերում դիմակների կրումը, իսկ կանոնները խախտողները տուգանվելու են Ոստիկանության կողմից: Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ խոսքը պարտադիր եռաշերտ դիմակների մասին չէ, կարող են լինել ինքնաշեն դիմակներ:

Նա ընգծեց՝ իրենց համար առանցքային է մարդը, և այդ համատեքստում անհարկի են քննարկումները, թե որն է առաջնահերթ՝ տնտեսությո՞ւնը, թե՞ վերջինիս վնաս հասցնելով՝ մարդու առողջությունը: «Հետևաբար սահմանափակումները մեղմելով՝ մենք ոչ թե գերակայություն ենք տալիս տնտեսությանը, այլ առաջնորդվում ենք վարակի տարածման ներկայիս փուլում ՀՀ քաղաքացու համար հնարավոր լավագույն լուծումներով: Ակնհայտ է, որ ՀՀ-ն կհաջողի, երբ յուրաքանչյուրը՝ նախարար, թե պատգամավոր, ոստիկան, թե բժիշկ, գործարար, թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի պատասխանատվության իր բաժինը»,- ասաց նա:

Պարետը նշեց՝ երկիրն արդեն 2.5 ամիս ապրում է համավարակի, 2 ամիս՝ արտակարգ դրության պայմաններում, որի ընթացքում Կառավարության և պարետատան կողմից բազնմաթիվ գործողություններ են իրականացվել՝ իրավիճակը կառավարելու մի շարք գործիքներ և մեխանիզմներ են ներդրվել, կիրառվել են սահմանափակումների տարբեր ռեժիմներ:

«Մարտի 1-ից մինչ օրս հաստատված դեպքերի պարզ դինամիկայից հասկանալի է, որ մարտ ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները, հարաբերականորեն հարթ դինամիկա է արձանագրվել, մայիսի սկզբից դեպքերն սկսել են ավելի ինտենսիվ աճել՝ պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ և թեստավորման ծավալների կտրուկ աճով: Վարակի ինտենսիվության գործակիցը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 1.48, որը հարաբերականորեն մնացել է նույն սահմանաչափի վրա»,- ներկայացրեց Ավինյանը:

Պարետը ներկայացրեց արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքը՝ նշելով, թե այս ընթացքում ընդլայնվել են առողջապահական համակարգի կարողությունները, իսկ սահմանափակումների՝ փուլային տարբերակով մեղմումը պայմանավորված էր առողջապահական համակարգի պատրաստվածությամբ և օրեցօր աճող սոցիալ-տնտեսական խնդիրներով:

Նրա խոսքով՝ կատարվել է ախտորոշիչ լաբորատոր ցանցի պատրաստվածության ապահովում, որի արդյունքում օրական թեստերի թիվը հասել է 1000-ի, բուժանձնակազմի շարունակական ուսուցման գործընթաց՝ անհրաժեշտ կարողություններ ապահովելու նպատակով, հիվանդանոցներում ընդլայնվել է մահճակալների թիվը՝ հասնելով 2000-ի, ՀՀ քաղաքացիների՝ արտերկրից վերադարձ (մարտի 13-ից մինչ այսօր ՀՀ են վերադարձվել 2000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ):

«Ակնհայտ էր, որ սահմանափակումներն անհնար է անորոշ ժամկետով պահպանել, ուստի լուծումը հստակ կանոնների պահպանմամբ կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է՝ միաժամանակ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հիվանդութան առավել խոցելի խմբերի անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց նա: