Վարակը առկա է և տարածվում է, եթե հնարավոր է աշխատանքը շարունակել հեռավար, ապա կոչ ենք անում անպայման այդպես անել. Տիգրան Ավինյան

17:52 • 14.05.20

ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը, այսօր՝ ԱԺ հատուկ նիստին անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պտագամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե արդյոք նախադպրոցական հաստատությունների, մանկապարտզենրի աշխատելու դեպում պարտադիր է լինելու երեխաներին տանելը, թե միայն այն դեպքերում, երբ տանը խնամող չկա, ասաց, որ ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր գործատուներին, որոնք հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, շարունակել հեռավար ռեժիմով իրականացնել աշխատանքները:

«Իրականում վարակը դեռևս առկա է և տարածվում է, ուստի եթե կա հնարավորություն աշխատանքը շարունակել հեռավար տարբերակով, մենք կոչ ենք անում անպայման այդպես անել: Որևէ պարտադրանք չկա և չի կարող լինել, որովհետև սա արվում է կրկին անհրաժեշտությունից ելնելով, որ աշխատող ծնողներն ունենան հնարավորություն երեխային ուղարկել նախակրթարան, որի համար նույնպես որոշակի կանոններ են գործում»,- նշեց նա:

Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այսօր կհրապարակվի պարետի որոշումը, որտեղ մանրամասն նկարագրված կլինեն բոլոր ոլորտներում սահմանված կանոնները: «Բոլոր նրանք ովքեր ունեն հնարավորություն չտանել նախակրթարան, պետք է չտանեն»,- երափակեց նա:

Նշենք, որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: 

Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1572, փաստացի բուժվողներինը՝ 2218: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 36016 քաղաքացի: