Վրաստանը համավարակից հետո առաջին զբոսաշրջիկներին կընդունի Իսրայելից
Իսրայելը կլինի առաջին երկիրը, որտեղից Վրաստանը կորոնավիրուսի համավարակից հետո զբոսաշրջիկներ կընդունի, տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային:
«Կա մի քանի երկիր, որոնց հետ մենք հաջող բանակցում ենք և առաջին երկիրը, որտեղից զբոսաշրջիկներ կընդունենք, կլինի Իսրայելը: Իսրայելի հետ մենք ունենք անվտանգ կանաչ միջանցք, որը Վրաստանին հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներ ընդունել այդ երկրից»,-ասել է Գախարիան:
Վարչապետը նշել է նաև, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Չեխիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների, Ավստրիայի և հարևան երկրների հետ: Գախարիայի խոսքով՝ բոլոր բանակցությունները իրենց տրամաբանական ավարտին կհասցվեն առաջիկայում:
Վրաստանի վարչապետն ընդգծել է նաև, որ ճգնաժամը պետք է հնարավորություն դառնա Վրաստանի համար:
«Ինչ վերաբերում է տնտեսության հետագա զարգացմանը, ապա ներկայացված հակաճգնաժամային ծրագրից գիտեք, որ մեր մոտեցումը շատ պարզ է. ճգնաժամը պետք է հնարավորություն դառնա մեր երկրի համար: Մենք այս համաշխարհային ճգնաժամը պետք է հնարավորություն դարձնենք, դառնանք ավելի արդյունավետ և հաջողակ համաշխարհային մրցակցության մեջ: Դրա լավագույն տարբերակներից մեկը զբոսաշրջությունն է, Վրաստանը առաջիններից մեկը պետք է կարողանա բացել և ղեկավարել այդ ոլորտը»,-ընդգծել է Գախարիան:










