ՀՀ ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ դեռևս քննարկում չկա. պարետ
ՀՀ ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ դեռևս քննարկում չենք ունեցել մեր գործընկերների հետ, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հարցերին նույնպես անդրադարձ ունենալու ենք: Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին, թե կա՞ նախնական տեսլական՝ երբվանից են բացվելու պետական սահմանի ցամաքային անցակետերը:
Պատգամավորի հաջորդ դիտարկմանը, թե Քաթարի և դեպի Եվրոպա գնացող ավիափոխադրողները պլանավորում են մասամբ սկսել չվերթներն ու կանոնավոր փոխադրումներ, այդ հարցով մոտավոր ի՞նչ ժամկետներ են նախատեսվում, Ավինյանն արձագանքեց.
«Հենց այսօր՝ մինչև ԱԺ նիստը, ես հեռախոսակոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ, և նրանց հետ քննարկել ենք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակից»:
Սանդիկովը հետաքրքրվեց նաև՝ այս ընթացքում օգտագործվե՞լ է Մարզահամերգային համալիրի մահճակալային ֆոնդը, ինչին Ավինյանը բացասական պատասխան տվեց՝ հույս հայտնելով, թե այդ ռեզերվի կարիքը չի լինի:
Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև հունիսի 13-ը, ժամը՝ 17:00-ն:










