Թրամփը խոստովանել է, որ կարոտում է փոխնախագահ Փենսին, որի հետ կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես չի հանդիպում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կարոտում է փոխնախագահ Մայք Փենսին, որի հետ նախազգուշական նկատառումներից ելնելով ժամանակավորապես չի հանդիպում, գրում է The Washington Times-ը։
«Ես չեմ տեսել Մայք Փենսին և կարոտում եմ նրան։ Բայց նա աշխատել է մեկի հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:Փենսի թեստը բացասական պատասխան է ցույց տվել։ Նա իրեն լավ է զգում։ Բայց մենք որոշ ժամանակ պայմանավորվել ենք հեռու մնալ միմյանցից»,-ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ նա շարունակում է հեռախոսով քննարկումներ ունենալ Փենսի հետ, որն աշխատում է իր գրասենյակից։
Այս շաբաթ Սպիտակ տան մի շարք աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մասնավորապես, կորոնավիրուս է հայտնաբերվել Փենսի մամուլի քարտուղար Քեթի Միլերի մոտ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փենսն ու Միլերը գտնվել են Սպիտակ տան մեկ շենքում։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն իր մամուլի քարտուղարի մոտ կորոնավիրուսի ախտորոշումից հետո իր իսկ կամքով ինքնամեկուսացել է: Սակայն փոխնախագահի ներկայացուցիչն ավելի ուշ հերքել է նրա մեկուսացման մասին տեղեկությունը:
Վարակվածների հետ շփման պատճառով ինքնակամ ինքնամեկուսացել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդն ու ԱՄՆ-ի ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին, որոնք COVID-19-ի դեմ պայքարի գործողությունների համակարգման հատուկ աշխատանքային խմբի կազմում են: Փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ խումբն ամեն օր հանդիպումներ է ունենում Սպիտակ տանը:
Հայտնի է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և Փենսն ամեն օր կորոնավիրուսի թեստ են հանձնում։










