Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ այս տարի ունեցել ենք մահացության ցուցանիշի նվազում․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

16:31 • 14.05.20

Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ այս տարի ունեցել ենք մահացության ցուցանիշի նվազում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Դա պայմանավորված է մեխանիկական վնասվածքների հետևանքով մահերով, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերով, որը բնական է, որովհետև գործում էին սահմանափակումներ։ Ընդհանուր առմամբ, մահերի նվազում ենք ունեցել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Պարետը հայտնեց, որ կորոնավիրուսի հետևանքով ՀՀ-ում գրանցվել է 49 մահվան դեպք, ինչը ՀՀ-ում օրական միջին մահերի թվից նվազ ցուցանիշ է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տիգրան Ավինյանին 2 հարց էր ուղղել, թե անցյալ տարի հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ում թոքաբորբից որքա՞ն մահ է գրանցվել, և կորոնավիրուսով հիվանդ արհեստական շնչառության ապարատներին միացված քաղաքացիներից քանիսն են առողջացել, որոնց ի պատասխան Ավինյանը նշեց․

«Կոնկրետ թվեր կդժվարանամ նշել 2 պարագայում էլ։ Վիճակագրական տվյալները պետք էր նախօրոք ուսումնասիրել։ Բայց ընդհանուր առմամբ, մահերի նվազում ենք ունեցել»,- պատասխանեց Տիգրան Ավինյանը։