Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին փոխանցումներն անցել են մեկ միլիարդ դրամից․ Տիգրան Ավինյան
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվի տվյալների վերաբերյալ, թե որքան գումար է հավաքվել և ինչպես է ծախսվել:
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին փոխանցումներն անցել են մեկ միլիարդ դրամից․ «Այդ ֆոնդին քիչ ենք անդրադառնում, որովհետև փոխանցումներն էլ արդեն-իսկ քիչ են և կարծում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանք ունենք անելու: Ինչ վերաբերում է հաշվետվություններին, մենք պարբերաբար հրապարակում ենք տարատեսակ միջոցառումներով իրականացվող քայլերը, դրանց ֆինանսական ծախսերը․ դրանք առողջապահական համակարգին են միայն տրամադրվել: Երեկ հավելյալ մեկ միլիարդ դրամ փոխանցվել է առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ կարողությունները և կարիքները սպասարկելու համար»,-ասաց նա:
Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշներին՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ մարտ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը եղել է 4,9 տոկոս:
«Կարծում եմ, որ մարտ ամսվա համար ոչ այնքան վատ ցուցանիշ է, քանի որ ակնկալվող անկումը մի փոքր ավելի մեծ պետք է լիներ: Մենք դեռևս շարունակում ենք պահպանել տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշի դրական դինամիկան և առաջին երկու ամիսներին 8,7 տոկոս էր»,-ասաց նա:










