ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալ և կալանավորված անձ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված չէ, բայց այս իրավիճակ դժվար թե երկար շարունակվի․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

13:35 • 14.05.20

Քրեակատարողական հիմնարկներում որևէ դատապարտյալ և կալանավորված անձ այս պահի դրությամբ չի վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Դրանք վկայում են, որ կանխարգելման միջոցառումները, որոնք իրականացվում են Քրեակատարողական ծառայության և Արդարադատության նախարարության կողմից, իրենց արդյունքը տալիս են։ Իհարկե, կարծում եմ, այս իրավիճակ դժվար թե երկար շարունակվի, որովհետև կորոնավիրուսի տարածման տեմպերը անպայմանորեն բերելու է մի իրավիճակի, երբ ունենանք նաև վարակված դատապարտյալ»,- նշեց նախարարը։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դատապարտյալների հիվանդանոցում վաղուց նախապատրաստվել է հատուկ կահավորված երկու մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումը և վերահսկողությունը հնարաավոր կլինի ապահովել։

Նախարարը նաև հայտնեց, որ քրեակատարողական ծառայողների շրջանում կան կորոնավիրուսի հաստատման դեպքեր, մասնավորապես, Վարդաշեն ՔԿՀ-ի մեկ հերթափոխի մասնակիցները՝ թվով 8 անձ, վարակված է կորոնավիրուսով։ 1-ական դեպք է արձանագրվել նաև Սևանի և Հրազդանի ՔԿՀ-ների ծառայողների շրջանում։