Չինաստանում նշել են ԱՄՆ-ի այն քաղաքական գործիչներին, որոնց Պեկինը կարող է «ցավալի հարված» հասցնել

17:34 • 14.05.20

ԱՄՆ Կոնգրեսի ամենաքիչը 4 անդամ և երկու իրավաբանական անձ կարող են ներառվել Պեկինի «պատժամիջոցների ցուցակում»: Խոսքը քաղաքական գործիչների և կազմակերպությունների մասին է, որոնք փորձում են կորոնավիրուսի համավարակի պատասխանատվությունը դնել Չինաստանի վրա, գրում է «Парламентская газета» պարբերականը` հղում անելով չինական ԶԼՄ-ներին:

Պարբերականը հրապարակել է չինացի վերլուծաբանների կարծիքը: Փորձագետների կարծիքով՝ Չինաստանի պատասխան քայլերը խորհրդանշական բնույթ չեն կրի, այլ «ցավալի հարված» կհասցնեն իրենց հակառակորդներին:

Ցուցակում ներառվելու թեկնածուներից մեկը Միսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիթն է, որը նախաձեռնել է Չինաստանի դեմ հայցը` պահանջելով փոխհատուցել կորոնավիրուսի պատճառով հասցված վնասը:

Այս ցուցակում հայտնվելու օրենսդիրների շանսերն ավելի մեծ են: Փորձագետները նշել են 4 սենատորի անուն` Ջոշ Հոուլի, Թոմ Քոթթոն, Դեն Կրենշո և Քրիս Սմիթ:

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի փորձագետ Յուան Չժենը կարծում է, որ Չինաստանը պետք է համբերատար չլինի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք իրենց քաղաքական շահերից ելնելով փչացնում են ամերիկա-չինական հարաբերությունները:

Ըստ պարբերականի, բացի քաղաքական գործիչներից, Պեկինը հնարավոր է քննարկի պատժամիջոցներ կիրառելու հարցն այն նահանգների նկատմամբ, որոնք ներկայացնում են այդ գործիչները: