Չինաստանում ընդլայնում են կորոնավիրուսի թեստավորման ծավալները, որպեսզի կանխեն վիրուսի վերածնունդը

18:02 • 14.05.20

Չինաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հինգշաբթի հայտարարել են, որ կմեծացնեն երկրի ողջ տարածքում իրանակացվող կորոնավիրուսի թեստավորումների և սքրինինգների քանակը: CNN-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել երկրում վիրուսի ներքին տարածման դեպքերի աճի պատճառով:

«Մենք պետք է ընդլայնենք «Քովիդ-19»-ի թեստավորումն ու սքրինինգը վարակման դեպքերի աղբյուրն արագ գտնելու և վիրուսի վերածնունդը կանխելու համար»,- ասել է Առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովի խոսնակը:

Հայտարարությունը հաջորդել է այս շաբաթ երկրի երկու նահանգներում՝ Ցզիլինում և Լյաոնինում, կորոնավիրուսի նոր ներքին դեպքերի ի հայտ գալու մասին լուրերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, որտեղ վերացել էր «Քովիդ-19»-ի վտանգը, «10-օրյա պայքար» է սկսվել քաղաքի 11 մլն բնակչությանը թեստավորելու համար, քանի որ անցյալ շաբաթ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր էին գրանցվել նաև վիրուսի տարածման սկզբնաղբյուր Ուհանում: