ԱՄՆ տարածքային ջրերում գտնվող կրուիզային նավերում կորոնավիրուսի պատճառով արգելափակված է մնացել ավելի քան 60 000 մարդ

12:12 • 14.05.20

ԱՄՆ տարածքային ջրերում գտնվող 91 կրուիզային նավում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մոտ 61 100 հազար մարդ է արգելափակված մնացել, հայտնում է CNN-ը՝ հղում տալով առափնյա անվտանգության ծառայության հայտարարությանը։

«Առափնյա անվտանգության ծառայությունն ԱՄՆ տարածքային ջրերում մնացած 23 և նավահանգիստներում խարսխված 24 կրուիզային նավի վրա ստուգումներ է իրականացնում։ Առաջինում կա անձնակազմի 13 200, իսկ երկրորդում՝ 14 400 անդամ»,- հայտնել է ծառայության ներկայացուցիչ Բարի Լեյնը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ տարածքային ջրերում անձնակզմի 33 500 անդամով մոտ 44 կրուիզային նավ է գտնվում։ Դրանցում ուղևորներ չկան։

Հայտնի է, որ նավերն այնտեղ են մնացել կորոնավիրուսի բռնկումից հետո հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնների կողմից սահմանված կանոնների համաձայն:

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, գրանցվել է մահվան 298 201 դեպք: Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: