Իսրայելն ու Թուրքիան ծովային սահմանների վերաբերյալ գաղտնի բանակցություններ են վարում. Arab News
Իսրայելի և Թուրքիայի պաշտոնատար դեմքերը ենթադրաբար գաղտնի բանակցություններ են վարում ծովային սահմանների և Միջերկրական ծովի արևելյան հատվածում բացառիկ տնտեսական գոտիների շուրջ համաձայնության գալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է սաուդյան անգլալեզու Arab News պարբերականը` հղում տալով իր աղբյուրներին:
Անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի` ՄԱԿ-ի կողմից ընդունված Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի միջև կնքված նմանատիպ համաձայնագիրը վրդովմունքի ալիք էր բարձրացրել Հունաստանում և Կիպրոսում, որոնք դժգոհում էին, որ դա թույլ կտա Անկարային ապօրինի գազ արդյունահանել իրենց բացառիկ տնտեսական գոտիներում: Իսրայելն այդ գործարքն ապօրինի էր անվանել, սակայն միևնույն ժամանակ հայտարարել էր, որ իր նավատորմը չի ուղարկի Թուրքիային հակազդելու համար:
Իսրայելի և Թուրքիայի միջև ցանկացած համաձայնագիր կարող է ազդել Կիպրոսի ծովային սահմանների և բացառիկ տնտեսական գոտիների վրա և հակասել Իսրայելի և Կիպրոսի միջև գոյություն ունեցող համաձայնագրերին` հատկապես նրանց, որոնք կապված են նավթի և գազի որոնման հետ:
Սակայն թուրք վերլուծաբան Այդըն Սեզերը հայտարարել է, որ նման գործարք Թուրքիայի և Իսրայելի միջև և՛ քաղաքական, և՛ իրավաբանական տեսանկյունից դժվար է իրականացնել:
«Իսրայելը և Կիպրոսը ծովային համաձայնագրերի մի մասն են, որոնք լիովին համահունչ են միջազգայնորեն ճանաչված ծովային իրավունքին, ինչպես դա արտացոլված է ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի մասին» կոնվենցիայում (ստորագրվել է 1982 թվականի դեկտեմբերի 10-ին): Եթե Իսրայելը նմանատիպ համաձայնագիր ստորագրի Թուրքիայի հետ, ստիպված կլինի անվավեր դարձնել իր նախորդ պայմանավորվածությունները Կիպրոսի հետ»,-ասել է վերլուծաբանը պարբերականի հետ զրույցում:
Կիպրոսը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրություններն այս շաբաթվա սկզբին համատեղ հայտարարությամբ դատապարտել են Թուրքիայի՝ գազ որոնելու ապօրինի գործողությունները Կիպրոսի ջրերում: Իսրայելը չի միացել այս հայտարարությանը, իսկ երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք հպարտանում են Թուրքիայի հետ իրենց դիվանագիտական հարաբերություններով:










